Պարզվում է, ՕԵԿ-ում խիստ զզվանքով են տանում նոր վարչապետի PR-ը։ Բայց հատկապես Կարեն Կարապետյանի ինչը դուր չի եկել ՕԵԿ-ին, մնում է միայն ենթադրել։ Այսօր բոլորովին այլ օրենքի քննարկման ժամանակ այս քաղաքական ուժի խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խոսեց նախ նրանից, թե վերջերս ինչու է նրա «սիրտը խառնում»։
Ախտանիշը՝ սրտխառնոց Ֆեյսբուք սոցիալական ցանցում նոր վարչապետի ու կառավարության համար տարվող PR-ից։ «Քարոզչությունը կատարվում է խայտառակ, անմակարդակ: Ամեն ինչ տարափ է՝ ձերբակալություններ են լինելու, սա է լինելու, նա: Ինձ թվում էր՝ էսօր մենք զոհեր կունենայինք, բայց ձեն-ձուն չկա: Այդ կառավարությունը, որ նոր որակներ պետք է բերի ու այնպես անի, որ կարճ ժամանակում մենք վերափոխվենք, դառնանք Սինգապուր, ապա ինչո՞ւ եք շտապել այս փաստաթուղթը բերել այստեղ (խոսքը վերաբերում է ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագծին-Ռ. Խ.): Գուցե այս կառավարությունը, որը մանկության ընկերություն է, ուսանողական ընկերություն է, չգիտեմ, նոր տեսակի, ինչ-որ նոր որակի կառավարություն է, գուցե իրենք իրենց ձեռագիրը դնեին այս նախագծի մեջ»,- վրդովվեց Բիշարյանը՝ հետո սահուն անցավ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններին և Գյումրիում ՀՀԿ-ի քարոզչությանը։
«Բոլորը հանրապետական, բոլորը ստացել են հանձնարարական՝ աշխատել ընդդիմադիր քաղաքական ուժերի դեմ, վարկաբեկել, ջարդել, ամեն ինչի վրայով անցնել: «Բալասանյան դաշինք». ո՞նց կարող է այդպիսի բան լինել այս երկրում, որտե՞ղ են քաղաքական ուժերը, որ երկրի քաղաքականությունը առաջ են տանում»,- հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ